03/06/2024 10:12
Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ անհամաձայնությունն արտահայտելու իրավունքը
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածություն ցուցաբերել, հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը:
«Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի և այլ քաղաքականություն պաշտպանելու իրավունքը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի այլ երկրների կառավարություններին՝ ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը», - ասված է X սոցիալական ցանցում կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ոստիկանությունն ավելի վաղ բերման է ենթարկել տասնյակ ցուցարարների, որրոնք փորձել են արգելափակել Երևանի փողոցները: Բողոքի ցույցերի պատճառը, ինչպես արձանագրել են Լեմկինի ինստիտուտում, Հայաստանի կառավարության որոշումն է՝ մի շարք տարածքներ հանձնել Ադրբեջանին:
Կազմակերպությունից նշել են, որ իշխանությունների այս որոշումը հարուցել Է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների վրդովմունքը։
«Մինչ կառավարությունը պնդում է, որ որոշում է կայացրել Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը ճանաչում է այդ ճանապարհի սայթաքուն լինելը և այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և հետագայում ամբողջ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու բռնի տեղահանման լույսի ներքո», -ասվում է հայտարարության մեջ: