03/06/2024 18:34
«ԵՄ-ն չի ցանկանում կերակրել իր քաղաքացիներին»․ Ռուսաստանից արձագանքել են հացահատիկի ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու որոշմանը
ԵՄ-ի կողմից ռուսական հացահատիկի ներմուծման մաքսատուրքերն ավելացնելու պատճառով Ռուսաստանը կփնտրի հացահատիկի իրացման նոր շուկաներ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ գյուղատնտեսության նախարար ղեկավար Օքսանա Լուտը։
«Եթե ԵՄ-ն չի ցանկանում կերակրել իր բնակիչներին, ապա դա նրանց ընտրությունն է:
Ռուսաստանը հավատարիմ է մնում հումանիտար քաղաքականությանը։ Եթե մարդիկ սննդի կարիք ունեն, ապա մենք սնունդ կմատակարարենք։ Բնականաբար, ԵՄ-ի կողմից մաքսատուրքերն ավելացնելուց հետո կփնտրենք հացահատիկի իրացման նոր շուկաներ»,- ասել է նա։
Լուտը նշել է նաև, որ ԵՄ-ի կողմից ռուսական հացահատիկի նկատմամբ այսպիսի տուրքերի ներդրումն անակնկալ չէր։
«Արտահանման համար այլ շուկաներ ենք փնտրելու, մենք պատրաստ էինք այս իրավիճակին, այն մեզ համար անակնկալ չէ, մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ ինչպես առաջ շարժվել այս հարցում»,- ասել է ՌԴ գյուղատնտեսության նախարարը։
Նշենք, որ ԵՄ խորհուրդը Ռուսաստանից հացահատիկի ներմուծման տուրքերն ավելացրել է՝ պաատճառաբանելով, որ այդպիսով կանխում են «եվրոպական հացահատիկի շուկայի ապակայունացումը» և արգելում են «Ուկրաինայի տարածքում աճած և ապօրինաբար յուրացված հացահատիկի արտահանումը»։