03/06/2024 21:02
Հավատը սեփական ուժերի նկատմամբ՝ իբրև վերականգնման առաջին քայլ. մնացածում կօգնի նորաստեղծ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը»․ (Տեսանյութ)
Մայիսի 17-ին Երեւանում տեղի է ունեցել նորաստեղծ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի տեսլականը, նախորդ ամիսներին արդեն իսկ իրականացված ծրագրերը եւ ապագա նախաձեռնությունները։
«Իբրեւ ազգ՝ մենք տարբեր տարաբախտությունների միջով ենք անցել, բայց վերապրել ենք մեր հավատի շնորհիվ․․․ Հավատը ներհյուսված է մեր գոյի մեջ, միահյուսված է մեր ինքնության հետ», - իր խոսքում նշել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» գաղափարի հեղինակ եւ հիմնադիր Նուբար Աֆեյանը, ով Հայաստանում եւ աշխարհում հայտնի է իր մի շարք հաջողված նախագծերով՝ «Flagship Pioneering» եւ «Moderna» ընկերություններից մինչեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն։
Հավատը սեփական ուժերի ու այլոց նկատմամբ չափազանց կարեւոր նախապայման է հետտրավմատիկ վերականգնման համար։ Ըստ Նուբար Աֆեյանի՝ հավատը կարեւոր է նույնիսկ գիտական նորարարության մեջ։ «Գիտական կամ տեխնոլոգիական ցատկեր կատարելու համար անհրաժեշտ հատուկ լավատեսությունը հաճախ սկսվում է հավատքի ակտով: Դրանով ես նկատի ունեմ հավատքն առանց փաստերի։ Սա է հավատքի բուն սահմանումը», - ասել է Աֆեյանը՝ ելույթ ունենալով Մասաչութեսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) 2024թ շրջանավարտների ավարտական հանդիսությանը մայիսի 31-ին։ Այսպիսի հավատ են փորձում ներշնչել շահառուներին նաեւ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերը, որոնք խարսխված են առաջատար հոգեբանական մեթոդներից մեկի՝ նառատիվային թերապիայի, հայ ժողովրդի գոյաբանական պատմության եւ հոգեւոր արժեքների վրա։
Ի դեպ, Հիմնադրամը ստեղծվել եւ իր հոգեկան առողջության նորարարական ծրագրերն իրականացնում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ։
Համագործակցելով հայաստանյան ու միջազգային լավագույն մասնագետների հետ՝ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերը ճանապարհ են հարթում դեպի հետտրավմատիկ վերականգնում՝ օգնելով մարդկանց հաղթահարել հետպատերազմական ու այլ աղետներից հետո հոգեբանական զանազան դժվարություններ։
Հիմնադրամն իր շահառուներին առաջարկում է մոտ երեք ամիս ընդհանուր տեւողությամբ վերականգնման «հայկական ճանապարհը», որի ընթացքում, կախված հոգեկան առողջության կարիքներից, մարդկանց առաջարկվում է հոգեւոր-հոգեբանական աջակցության երեք ձեւաչափ.
- Վեցշաբաթյա «ամոքման» ծրագիր, որի ընթացքում վերապատրաստված նառատիվային մասնագետի օգնությամբ, աշխատելով 10-12 հոգանոց խմբում, մարդիկ փորձում են նորովի վերաբացահայտել ու վերագնահատել իրենց սեփական կյանքի առավել կենսունակ նկարագրությունը;
- «Զորացման» երկօրանոց հատուկ ծրագիրը, որն ունենում է մոտ 30 մասնակից, օգնում է մարդկանց՝ հայկական մշակույթի հիմքով ստեղծված փոխաբերությունների միջոցով հասնել հոգեւոր աճի ու խթանել ակտիվ պատմական մտածողությունը՝ մարդկանց միջեւ ընդհանրության ձեւավորման ու տրավմայի հաղթահարման նպատակով։
- Եվ վերջապես, վերջին՝ «հաջողման» փուլում՝ նախորդ երկու փուլերի մասնակիցները եւ նրանց կողմից հրավիրված հյուրերը հրավիրվում են բազմաձեւաչափ ու մասնակցային մեծ միջոցառման, որի ընթացքում ամփոփվում է կատարված աշխատանքը ու ծրագրվում են հետագա քայլերը տվյալ համայնքի համար։
Սա ամփոփ, բայց ոչ ամբողջական նկարագիրն է այն բազմաբնույթ ու հարուստ ծրագրային առաջարկի, որ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամն» անում է պատերազմի ու դրա շարունակական հետեւանքների պատճառով հոգեբանական դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար։
«Մենք հավատում ենք, որ այս նախաձեռնությունը հաջողություն կունենա։ Մենք պետք է միասնաբար այս առաքելությունը իրականացնենք․․․ Շատ կարեւոր է տեսլական ունենալն ու այդ տեսլականի շուրջ համախմբվելը», - Հիմնադրամի շնորհանդեսին ասել է Արեւմտյան Եվրոպայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապեական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Հիմնադրամի ծրագրերում հատուկ տեղ է առանձնացված հոգեւոր արժեքներին։ Հոգատարության, հանձնառության, եղբայրասիրության ու համարձակության արժեքները, որոնք կրում են բոլորը՝ անկախ նրանից, թե որքան հաճախ են մասնակցում կիրակնօրյա պատարագի կամ գնում եկեղեցի, ամփոփված են Հիմնադրամի ծրագրերում եւ մասնակիցները հնարավորություն են ունենում դրանք քննարկել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ։ Նախընթաց փուլում մոտ 1000 շահառուների բացարձակ մեծամասնությունը նշել է այս ձեւաչափի կարեւորությունն իրենց համար։
«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շահառու են բոլոր նրանք, ովքեր կյանքում անցել կամ անցնում են տրավմատիկ իրադարձություններով եւ կարիք ունեն վերագտնելու հավատը սեփական ուժերի ու հավատը այլոց նկատմամբ։
Հիմնադրամի ծրագրերի մասնակից դառնալու հիմնական ճանապարհը www.revival.am կայքում զետեղված հոգեբանական թեստերից որեւէ մեկը լրացնելն է, որը Հիմնադրամին թույլ է տալիս առաջարկել շահառուի շահերից բխող լավագույն լուծումներ։