03/06/2024 14:33
Կառավարությունում խուճապային տրամադրություն չկա. երբ ժողովուրդը կտա հստակ գնահատական, մենք հաշվի կնստենք այդ գնահատականի հետ. Սոցապնախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցնում է, որ կառավարությունում խուճապային տրամադրություն չկա։
«2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվել է ժողովրդավարական իրավիճակ, յուրաքանչյուր նախաձեռնություն կարող է իր կամքն արտահայտել մինչև այն պահը, քանի դեռ օրենք չի խախտվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին։
Հարցին՝ ոտիկանների կողմից ԱԺ պատգամավորին ծեծե՞լն էլ է ժողովրդավարության մեջ մտնում՝ նախարարն արձագանքեց. «Ցանկացած միջադեպ պետք է ստանա իրավական գնահատական, եթե չեմ սլխալվում՝ այդ մասով կա որոշակի գործընթաց»։
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ եթե հանրությունը կընդունի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը՝ ուրեմն դա ժողովրդի կամքն է։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի կամքի հետ միշտ հաշվի ենք նստելու։ Երբ ժողովուրդը կտա հստակ գնահատական, մենք հաշվի կնստենք այդ գնահատականի հետ»,- ասաց նա։