04/06/2024 22:11
Ամռան շոգն ավելի վտանգավոր է երեխաների և տարեցների համար
Բարձր ջերմաստիճանի ազդեցությունը կարող է վտանգավոր լինել բոլորի համար, սակայն առավել խոցելի խմբում են՝
մանկահասակ երեխաները,
65 և բարձր տարիքի անձինք,
ավելորդ քաշ ունեցող անձինք,
գերծանրաբեռնված աշխատանք իրականացնող անձինք,
հաշմանդություն, քրոնիկ հիվանդություններ, հոգեկան խանգարումներ ունեցող անձինք։
Լուրջ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում օրական առնվազն երկու անգամ այցելել մեծահասակներին կամ խոսել նրանց հետ՝ պարզելու՝ արդյոք առկա՞ են ջերմային հարվածի նշաններ, թե՞ ոչ։ Մանկահասակ երեխաներին անհրաժեշտ է առավել հաճախ ուշադրություն դարձնել։ Ծանր աշխատանք կատարելիս չմոռանալ ջրի անհրաժեշտ չափաբաժնի օգտագործման մասին և դադարեցնել աշխատանքը՝ արևահարության նշաններն ի հայտ գալուն պես։
Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես օրվա կեսին։ Իսկ եթե մարդն աշխատում է դրսում, ապա պարբերաբար անհրաժեշտ է ընդմիջել և 10-15 րոպե հանգստանալ զով սենյակում։
Երբ դրսում եք, կրեք գլխարկ, կիրառեք արևապաշտպան քսուք և ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հնարավորության դեպքում չեղարկել կամ հետաձգել շրջագայությունները: Առավոտյան ժամը 11-ից մինչև 16-ը, երբ արևի ճառագայթներն ամենահզորն են, խորհուրդ է տրվում երկար ժամանակ դուրս չգալ և արևի տակ չգտնվել։ Հագեք բաց գույնի հագուստ՝ պատրաստված բնական մանրաթելերից, ինչպիսին է բամբակը: Սննդակարգում ներառեք թեթև և բանջարեղենային ուտեստներ, դրանք կերեք ամբողջ օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժիններով։ Համոզվեք, որ սառնարանում սննդամթերքը պատշաճ կերպով է պահվում: Խուսափեք ճարպային և կծու սննդից, աշխատեք չափից շատ չուտել: Մի մոռացեք, որ քաղցր գազավորված ըմպելիքները և հյութերը չեն օգնում հաղթահարել ծարավը, այլ միայն ավելացնում են այն։ Հետևաբար, ծայրահեղ շոգին ավելի լավ է խմել սովորական չգազավորված հանքային ջուր:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ