04/06/2024 10:58
Կապանի 2 բնակիչ ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանն են միջամտել. նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կապան քաղաքի երկու բնակիչներ Գ․Փ․–ի և Մ․Հ․–ի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով գիշերային հերթափոխով ծառայություն իրականացնելիս, ժամը 04:30-ի սահմաններում, ձայնային և լուսային ազդանշանով կանգնելու հրահանգ են տվել Գ․Փ․–ի անվամբ հաշվառված, մեկ այլ անձի կողմից վարած «Toyota LC 150 4.0 GAS» մակնիշի ավտոմեքենային, սակայն վերջինս շարունակել է վարել ավտոմեքենան և կայանել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող առանձնատան դիմաց։ Դրանից հետո պարեկային ծառայողները մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են վարորդը և Կապան քաղաքի վերոնշյալ բնակիչները։ Պարեկները վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, որից հետո Գ․Փ․–ն ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը՝ վարորդի փաստաթղթերը և նրա սթափության վիճակը ստուգելուն միջամտելու նպատակով քաշել և պոկել է պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրացված, վերջինիս հսկողության տակ գտնվող տեսագրող սարքը և նետել փողոցում՝ վնասելով այն:
Այդ ընթացքում Մ․Հ․–ն սպառնացել է վնասել պարեկներին ծառայողական նպատակներով հատկացված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, ապա բռնել է նրանցից մեկի համազգեստից, քաշքշել, հարվածել նրա գլխարկին, ինչպես նաև հրել է մյուս պարեկին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան քաղաքի հիշյալ բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։