04/06/2024 19:40
Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին
Այսօր ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էր։ Քաղաքացիները դատապարտում էին մարդու իրավունքների պաշտպանին՝ ոստիկանական բռնություններին գնահատական չտալու համար, պհանջում էին համաչափ արձագանք Հայաստանում մարդու իրավունքների խախտման տարաբնույթ դեպքերին։
Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն անդրադարձավ այդ պահանջներին ու Անահիտ Մանասյանի արձագանքին։
«Մենք ցանկացել ենք, որ հանրային հանդիպում լինի, նա առաջարկել է մինչև 4 հոգով, առանց լրագրողների, հանդիպել։ Մենք չենք ընդունել, որովհետև նրա առաջին պարտականությունը հանրային լինելն է, ժողովրդին ներկայացնելն է այն բոլոր գործերը, որոնք իրենք կատարում են։ Եվ նրանց գործն է հիմնականում քաղաքացիներին անիրավություններից, անօրենություններից պաշտպանելը։
Իմանալով հանդերձ, որ ՄԻՊ-ը այդ սկզբունքով չի գործում, այդուհանդերձ, այցելելով՝ հանրայնացնում ենք, որպեսզի հանրային հնչեղությունը շատ ավելի մեծ լինի այն բոլոր խնդիրների նկատմամբ, որոնք արձանագրվում են»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց նաև՝ շատ պարզ հարցադրումով էին գնացել ՄԻՊ գրասենյակի մոտ․ 30 ոստիկանով մի պատգամավորին ծեծուջարդի ենթարկելը, Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելը, ԱԳՆ շենքի առջև ոստիկանական բիրտ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ և այլն, գնահատականի արժանանալո՞ւ են, թե՞ ոչ։
«ՄԻՊ-ը կարծեմ խորհրդարանի ամբիոնից ասել է, որ պատրաստ է եկեղեցու և պետության միջև կամուրջ լինել։ Ես էլ ասում եմ՝ նա ՄԻՊ է՝մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ։ Ի՞նչ կամուրջ, մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչն է կամրջելու։ Իր գործը մարդու իրավունքների պաշտպանությունն է, գնահատելն է։ Ոստիկանական ուժերի կողմից գործված այսքան ապօրինությունները գնահատվե՞լ են։ Դատախազությունում ինչ-որ գործ կա՞։ Քննչական կոմիտեն ինչ-որ բան արե՞լ է, երբ մարդկանց են առևանգում։ Հակառակը, կալանքի են տանում, ձերբակալում են»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ ՄԻՊ-ն այնքան համարձակություն չունի, որ այս ամենին համաչափ արձագանքի։