04/06/2024 15:17
Հունիսը ևս տեղումնառատ է լինելու. Սուրենյան
Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա տեղեկացրել է, որ կլինեն առանձին օրեր, երբ որոշ շրջաններում առատ տեղումներ կգրանցվեն։
«Երբ ասում ենք, որ սպասվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին եղան մայիսին։ Իհարկե, հանրապետության հյուսիսային շրջաններում առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչը մենք ունեցանք մայիս ամսվա ընթացքում»,-ասել է Գագիկ Սուրենյանը։
Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա մասնագետը նշել է, որ հունիսին առանձին օրերին տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակում ցերեկվա ժամերին կարող է գրանցվել +28․․․+32, Կոտայքի լեռնային գոտում՝ +27․․․+30, Կոտայքի նախալեռներում՝ +30․․․+33, Գեղարքունիքում՝ +26․․․+29, Լոռիում՝ +28․․․+32, Տավուշում՝ +30․․․+33, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +26․․․+29, Արագածոտնի նախալեռներում՝ +30․․․+34, Արարատում՝ +34․․․+36, Արմավիրում՝ +33․․․+36, Վայոց ձորի լեռներում՝ +25․․․+28, Վայոց ձորի նախալեռներում՝ +33․․․+36, Սյունիքի հովիտներում՝ +34․․․+37, Սյունիքի նախալեռներում՝ +28․․․+31, իսկ Երևանում՝ +34․․․+36 աստիճան։
Անդրադառնալով առաջիկա օրերին՝ Գագիկ Սուրենյանը նշել է, որ հունիսի 5-6-ը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ից սկսած հանրապետության տարածք կներթափանցի Սև ծովից եկող հերթական ցիկլոնը, որը բավական ակտիվ է լինելու։ Հունիսի 7-ին տեղումներ սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում։ Հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արդեն հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։