04/06/2024 13:36
Մեկնարկը՝ հունիսի 15-ից. Ճամբարակում ԼՂ բռնի տեղահանվածներին ներկայացվել են բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Ջանիկ Բազեյանը Ճամբարակում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները՝ շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան առաջիկա մի քանի տարիների ընթացքում լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով։
Ծրագիրը կիրականանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։
Երրորդ գոտում, որտեղ ընդգրկված են մարզի 39 բնակավայրեր, բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետությունից աջակցություն կստանա 5 միլիոն դրամի չափով։
Ճամբարակ համայնքում երրորդ գոտում ընդգրկված են բոլոր բնակավայրերը՝ բացառությամբ Շողակաթ ու Դրախտիկ բնակավայրերի, որոնք ընդգրկված են երկրորդ գոտում։
Այստեղ բնակարան կառուցել կամ ձեռք բերել ցանկացողներին պետական աջակցություն կտրամադրվի 4 միլիոն դրամի չափով։
Մարզի մնացած բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են առաջին գոտում, կտարամդրվի 3 միլիոն դրամ։
Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։
Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։
Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ և հիպոթեքային վարկավորում։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող ընտանիքների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալին և մյուս բանախոսներին` ստանալով անհրաժեշտ պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։
«Ծրագրի մեկնարկը կտրվի 2024 թվականի հունիսի 15-ից։ Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա, ու մենք սահմանված ժամկետներում ավարտելով ծրագրի առաջին փուլը, արդեն կձեռնարկենք երկրորդ փուլի իրականացումը»,-հանդիպման ավարտին նշել է Ջանիկ Բազեյանը։