04/06/2024 20:19
«Այս պայքարը հասնելու է մեր ակնկալած Ավետյաց երկրի տեսիլքին»․ Հունիսի 9-ին, ժամը 18։30-ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում
Հունիսի 9-ին, ժամը 18։30-ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Շատ կարևոր, հանգրվանային, հենման կետ հանդիսացող հանրահավաք է՝ նաև մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար»,- ասաց Սրբազանը՝ հավելելով՝ իրենք բաց են գործում, սակայն կան հարցեր, որոնց շուրջ այսօր մանրամասներ հայտնելը վաղաժամ է։
«Մենք ոչինչ չենք թաքցնում, հանգրվան առ հանգրվան, փոխադարձ վստահությամբ՝ առաջ ենք գնում։ Ինձ համար ամենակարևորը փոխադարձ վստահությունն է։ Որոշ մարդիկ այժմվանից խոսում են կառավարության կազմի մասին։ Այդ հաճույքը չեն ունենա՝ իմանալու, դա մեծ թակարդ է, որ անուններ տրվեն կառավարության կազմի մասին, և հերթով սկսեն մարդկանց ոչնչացնելու գործողություններ։ Մենք դեռ հանգրվան ունենք հաղթահարելու՝ մինչև կառավարությունը։ Դա ժողովրդի պահանջն էր, որն արտահայտել են՝ ուզում են փոխարինել սա՝ սրանով։ Որևէ մեկը թող չսպասի, որ ինքն ինչ-որ բաներ է լսելու, որն իրեն չի վերաբերվում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կուզենան այդ թակարդին մոտենալ, անհնար է, մի էլ փորձեք։ Հանգիստ, խաղաղ մասնակցեք գործընթացին, եթե մասնակից եք»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ վստահեցնելով՝ «այս պայքարը հասնելու է մեր ակնկալած Ավետյաց երկրի տեսիլքին»։