04/06/2024 22:37
Ղրղզստանի գետերից մեկում մամոնտի մնացորդներ են հայտնաբերվել
Ղրղզստանի Իսիկ-Կուլ շրջանի Ջըրգալան գետում մամոնտի մնացորդներ են հայտնաբերվել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի մշակույթի նախարարությունից։
Նշվում է, որ մամոնտի ժանիքն ու գանգի ստորին հատվածի բեկորները հայտնաբերվել են 3-5 մ խորության վրա, դրանք միմյանցից մոտավորապես 150 մ հեռավորության վրա են եղել։ Մամոնտի ոսկորները հայտնաբերել է Ջըրգալան գետի մոտ գտնվող քարհանքի սեփականատերը և անմիջապես հայտնել է տեղի իշխանություններին, որից հետո այնտեղ հնագետների խումբ են ուղարկել։
Ոսկորները գետից առայժմ դուրս չեն բերել՝ չվնասելու համար․ դրանք անհրաժեշտ պրոցեսից հետո ամբողջական վիճակում գետից դուրս կբերեն ու կհանձնեն հնագիտության թանգարանին։
Իսիկ-Կուլի շրջանում մամոնտի մնացորդներ նախկինում էլ մի քանի անգամ հայտնաբերվել են, այդ թվում՝ Իսիկ-Կուլ լճի հատակին։ Ղրղզ գիտնականներն առաջին անգամ այդպիսի գտածոյի մասին հայտարարել են 1977 թվականին։