04/06/2024 09:51
«Հրապարակ». Որոշումն ընդունելուց հետո անցել է 5 տարի և քոլեջը չի կառուցվել. ԿԳՄՍՆ-ն չի պարզաբանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության 2019թ. որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային ագրարային համալսարանին էին փոխանցվել Ապարան քաղաքի Գայի 17/1, 17/3, 17/4 և 17/5 հասցեներում գտնվող ուսումնական մասնաշենքերը, դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները, սպորտային դահլիճը, ճաշարանը, ենթակայանը, պահակատունը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության և անասնապահության զարգացման մեծ հնարավորություններ, այդ տարածքում Ագրարային համալսարանը պետք է կառուցեր գյուղատնտեսական քոլեջ: Այդ մասին Ապարանում 2018թ. դեկտեմբերի 4-ին հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Քոլեջի վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար 2019թ. պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 435 միլիոն դրամ: Որոշումն ընդունելուց հետո անցել է ուղիղ 5 տարի, սակայն մինչ օրս քոլեջը չի կառուցվել, իսկ Ագրարային համալսարանն ու ԿԳՄՍ նախարարությունը չեն բարեհաճում պարզաբանումներ ներկայացնել հասարակությանը՝ ինչու»։