05/06/2024 21:07
Մաշկային ցանի տեսակներ, որոնք ավելի հաճախ արտահայտվում են ամռանը
Ամռանը հանդիպում են տարատեսակ մաշկային ցաներ և դիտվում է մաշկի՝ մինչ այդ գոյություն ունեցող ախտաբանական վիճակների սրացում: Ամառային ամիսներին այդ վիճաակն առաջանում կամ սրվում է միջավայրի բարձր ջերմաստիճանի, քրտինքի, միջատների պատճառով և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Ամառային մաշկային ցաները երեխաների շրջանում առավել հաճախադեպ են, ինչը պայմանավորված է մաշկի գերզգայունությամբ:
Ամռանը հաճախակի հանդիպող ցաների տեսակներից են․
Ջերմային ցան կամ քրտնախաշ
Շոգ եղանակին, բարձր խոնավության պայմաններում մաշկի ծակոտիների խցանման հետևանքով քրտինքը մնում է մաշկի մեջ՝ առաջացնելով փոքր, քորվող բշտիկներից բաղկացած ցանավորում: Այն տեղակայվում է մաշկի հագուստով ծածկված տեղամասերերում կամ այն հատվածներում, որտեղ կարող է քրտինք կուտակվել՝ պարանոց, արմնկափոս, թևատակ: Կանխարգելելու համար խորհուրդ է տրվում ամռանը երեխաներին չոր և ստվերոտ տեղում պահել:
Արևային ցան
Արևային ալերգիան կամ գերզգայունությունը կարող է զարգանալ ինչպես որոշ դեղամիջոցներ ընդունելու, այնպես էլ ժառանգական նախատրամադրվածություն ունենալու պարագայում: Դրսևորվում է կարմիր, թեփոտվող, խիստ քորվող բշտիկների տեսքով: Որոշ դեպքերում կարող են նույնիսկ բշտեր ձևավորվել: Սովորաբար անցնում է 10-14 օրվա ընթացքում:
Մաշկի արևային այրվածք
Առաջանում է արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Այն կարող է խիստ ցավոտ լինել, այտուցվել և ավելի ուշ՝ ապաքինման փուլում քոր գալ: Կանխարգելելու համար խորհուրդ է տրվում երեխաներին հագցնել պաշտպանող արտահագուստ կամ օգտագործել բարձր SPF գործոն պարունակող արևապաշտպան միջոց:
Լողավազանային մաշկաբորբ կամ ֆոլիկուլիտ
Վիճակ, որն առաջանում է լողավազանի ջրում առկա քիմիական նյութերի (օրինակ՝ քլոր)՝ մաշկի վրա ունեցած ազդեցությունից: Ձևավորվում են վարդագույն, քորվող բծեր, որոնք հետագայում կարող են բշտերի վերածվել: Խորհուրդ է տրվում լողավազան գնալուց առաջ և հետո ցնցուղ ընդունել, թաց լողազգեստն անմիջապես փոխել, հնարավորինս քիչ լողալ քլորացված լողավազաններում:
Միջատի խայթոցի հետևանքով առաջացած ցան
Հիմնականում զարգանում է քորվող ցանի և նույնիսկ եղնջացանի տեսքով փոքր, տեղային ռեակցիա: Ոչ շատ վառ գույների հագուստ կրելը, միջատներից պաշտպանող սփրեյերի կիրառումը կարող են կանխարգելել վերոնշյալ դեպքերը:
Թունավոր բույսերի հետ կոնտակտով հարուցված ցանավորում
Թունավոր բաղեղը, աղտորը կարող են ցանավորում առաջացնել: Այս բույսերը պարունակում են կպչուն յուղ՝ ուրուշիոլ, որը մաշկի կարմրություն, քոր, այտուց և նույնիսկ բշտեր է առաջացնում: Ծնողները պետք է իմանան, թե ինչ տեսք ունեն այդ բույսերը և երեխաներին զերծ պահեն դրանց հետ կոնտակտից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ