05/06/2024 16:00
Աղետի գոտում առկա են մեծ քանակի տիղմ և անկած կենդանիներ. համաճարակի առումով մտահոգություն կա. Գնել Սանոսյան
Աղետի գոտում վանսների չափն ընդհանրացնել դեռ հնարավոր չէ, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հիմա ունենք բարձրահարկ շենքեր, որոնց առաջին հարկերը ջրով ու տիղմով էին լցվել: Դեռ բավական ժամանակ կպահանջվի՝ հասկանալու համար, թե շենքն ի՞նչ աստիճանի է վնասվել, վնասվե՞լ է, թե՞ ոչ, վթարայնության ի՞նչ աստիճան ունի, այլևս ապրելու ենթակա՞ է, թե՞ ոչ: Ցավոք, վնասի բավական մեծ թվեր կլինեն՝ հաշվի առնելով ընդգրկվածությունը տարածական ու ոլորտային»,-ասաց նախարարը։
Սանոսյանի խոսքով՝ առավել շատ տուժել է Ալավերդի քաղաքը՝ իր թաղամասերով ու Քարկոպ գյուղը. ամբողջ գյուղը լցվել էր տիղմով, որտեղ հիմա ակտիվ աշխատանքներ են ընթանում։
«Ինչ վերաբերում է համաճարակային իրավիճակին՝ մտահոգությունն այն է, որ բավական մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են վնասակար նյութեր լինել: Մյուս կողմից, կան անկած կենդանիներ՝ հավեր, խոզեր ու այլ կենդանիներ, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ չէ: Դրա համար առողջապահության ոլորտի մեր գործընկերները մի կողմից որոնողական աշխատանքներ են իրականացնում, մյուս կողմից հորդորում են զգույշ լինել: Անասունների համար գերեզմանոցներ են առանձնացվել, որ չտարածվեն հիվանդությունները»,- ընդգծեց Սանոսյանը։