05/06/2024 14:49
Իսկ չի լինի՞ «Շողակաթ»-ը փակենք, գումարն էլ տանք Հանրայինին. Արսեն Թորոսյան
Իսկ չի լինի՞ «Շողակաթ» հեռուստաընկերության այդ 206 մլն դրամն էլ տանք Հանրայինին, որ ինքը հարստացնի իր հաղորդումների մշակութային, կրթական բազան, ավելի շատ պրոդուկտ տա և «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես. ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Օրինակ, վիճակագրություն կա՞, թե քանի հոգի է նայում «Շողակաթը»։ Դրա նպատակահարմարությունը ինչ-որ կերպ ստուգվե՞լ է»,-ասաց նա և նշեց, որ օրենքով է սա կարգավորվում, մենք կարող ենք օրենքը փոխել, գումարներն էլ վերաբաշխենք Հանրային հեռուստաընկերությանը։
Շիրինյանը նշեց, որ 206 մլն դրամն ընդհանրապես թիվ չի որևէ ալիք պահելու համար:
Արսեն Թորոսյանը նկատեց, որ ինքը չէր առաջարկում այդ 206 մլն դրամով նոր ալիք բացեն, կամ որ դա մեծ թիվ է. «Ես խոսում եմ ժամանակին ընդունված այդ օրենքի նպատակահարմարության մասին՝ մեր օրերում: Կարո՞ղ է այլևս պետք չի այդ ալիքը: Եթե այդպես է ամբողջ աշխարհում, որ պետք է կողքից ունենալ կրթամշակութային ալիք՝ հետ չմնանք աշխարհից»: