05/06/2024 18:12
ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական հաշիվներ մաքրելու տեղ չէ․ Ալի Բաղերի Քանի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը քաղաքական տարաձայնությունների լուծման վայրի վերածելն անթույլատրելի է, Իրանի կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։
«Մենք տարբեր երկրների կառավարություններին պարբերաբար ասել ենք՝ պետք է թույլ տալ գործակալությանը շարունակել իրականացնել իր մասնագիտացված գիտական գործառույթը, այլ ոչ թե այն վերածել քաղաքական հաշիվներ մաքրելու վայրի»,- Քանիի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։
Նշենք, որ հունիսի 3-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի քննարկմանն են ներկայացրել բանաձևի նախագիծ, որով Իրանին կոչ է արվում համագործակցել գործակալության հետ և պարզաբանել՝ ինչու է չհայտարարված միջուկային օբյեկտներում ուրան հայտնաբերվել։ Բանաձևում առկա են նաև պահանջներ՝ թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել միջուկային օբյեկտներ, կատարել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ՝ 2023 թվականի մարտի համատեղ հայտարարության պայմանները։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իր հերթին առաջարկել է մի շարք գործնական միջոցառումներ՝ ակտիվացնելու գործակալության և Իրանի՝ մարտի 4-ի համատեղ հայտարարությունը։
Վերը նշված հայտարարությունում Թեհրանի մտադրություն է հայտնել թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգում և մշտադիտարկում իրականացնել, ապահովել նրանց հասանելիությունը միջուկային երեք օբյեկտներ: Նշված է նաև, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը պայմանավորվել են համագործակցել՝ հիմնվելով Իսլամական Հանրապետության իրավունքների և պարտականությունների և ՄԱԳԱՏԷ-ի իրավասությունների վրա: