05/06/2024 15:40
Դիլիջանում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ, արտագնա նիստը տեղի է ունեցել Տավուշի մարզում:
Դիլիջանի Գորկու 3/1 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ օտարման ոչ ենթակա համարվող Աղասի Խանջյանի ամառանոցի (ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի 385-Ն որոշում, պետ. ցուցիչ՝ 10.3.130) տարածքում կայացած նիստին, բացի գիտամեթոդական խորհրդի անդամներից, ներկա են եղել նաև հրավիրված անձինք:
Տեղում ներկայացվել են ՀՀ ճարտարապետների, երկրաբանների, երկրաֆիզիկոսների, կոնստրուկտորների և այլ մասնագետների կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ ուղղված հուշարձանի հնարավոր վերականգնմանը: Նիստի ընթացքում հնչել են կարծիքներ՝ հուշարձանը տեղում ամրակայելու, ինչպես նաև տեղափոխման և վերստեղծման հնարավորության վերաբերյալ մասնագիտական առաջարկներ:
Հաշվի առնելով շինության ներկա վիճակը, տեղազննության արդյունքում ճարտարապետների և կոնստրուկտորի ներկայացրած դիտողությունները՝ որոշվել է շարունակել սողանքների ու գրունտների հետ կապված ուսումնասիրությունները և դրանց ավարտից հետո նախարարություն ներկայացնել համապատասխան էսքիզային առաջարկ: