05/06/2024 13:58
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Գարեգին Խումարյանի վերընտրվելու հնարավորությունն Արա Շիրինյանը չի բացառում
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթը կամփոփվի այսօր։
Խորհրդարանում լրագրողները Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից հետաքրքրվեցին, թե արդյոք թեկնածուների հետ հարցազրույց անցկացվել է։
«Խորհրդի անդամները անհրաժեշտություն չեն տեսել հարցազրույց իրականացնել թեկնածուների հետ։ Ծանոթացել են թեկնածուների ներկայացրած հայեցակարգերին, աշխատանքային կենսագրությանը։ Աշխատանքային նիստում կարտահայտեն իրենց վերաբերմունքը՝ քվեարկությամբ»,-պատասխանեց Շիրինյանը։
Նա ասաց, թե մասնակցելու է քվեարկությանը։
Հարցին, թե որևէ մեկին տեսնո՞ւմ է այդ պաշտոնում, Շիրինյանը պատասխանեց.
«Թույլ տվեք իրադարձությունից կես ժամ առաջ անոնս չանել դա»։
Գարեգին Խումարյանի վերընտրվելու հնարավորությունը, Շիրինյանը չբացառեց, նշելով, թե դա սկզբունքորեն հնարավոր է, քանի որ Խումարյանն առաջադրել է իր թեկնածությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ անձինք՝
Գարեգին Խումարյան
Բելլա Հովհաննիսյան
Մարիամ Մանուկյան
Մհեր Մարգարյան