05/06/2024 12:42
Սնուփ Դոգի համերգի համար ԿԳՄՍՆ-ն սպասում է կազմակերպությունից առաջարկի
Ազգային ժողովում այսօր ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ Սնուփ Դոգի համերգը, որն այդպես էլ չկայացավ Երևանում։
«Համերգի համար հատկացրած գումարը ծառայելո՞ւ է իր նպատակին, թե՞ այլ ճակատագիր է ունենալու»,-հարցրեց պատգամավորը։
«Համերգը հայտնի պատճառներով հետաձգվեց։ Այս տարվա ընթացքում մենք սպասում ենք կազմակերպությունից առաջարկի: Պետք է ժամկետների երեք տարբերակ առաջարկի, որից պետք է ընտրենք ամենանպատակահարմարը՝ այդ համերգը կազմակերպելու այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք եղել են: Ոչ մի լրացուցիչ բան չի պլանավորվում»,- պատասխանեց Ժաննա Անդրեասյանը։
Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց, թե այդ համերգի վերաբերյալ շահարկումները չափազանց շատ են:
«Ֆիքսենք, որ, այնուամենայնիվ, այդ համերգը կայանալու է: Պարզապես քննարկվում է ամսաթիվը, և ցանկացողներն էլ, երբ պարզ լինի, թե երբ է համերգը, կկարողանան մասնակցել»,- ասաց պատգամավորը:
Նախարարը նշեց, թե նախնական տպավորություն ունեն, որ համերգը կարող է օգոստոսին լինել։
«Սպասում ենք գրավոր առաջարկի։ Կարծում եմ՝ իրենք էլ ոչ պակաս շահագրգիռ են»։