05/06/2024 20:38
«Ոչնչացվում են անտառները, բերրի հողերը վերածվում են անապատների, էկոհամակարգերը՝ մեռած գոտիների»․ ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ
Էքստրեմալ եղանակային երևույթների դեմ պայքարի և բնապահպանական խնդիրների լուծման համար զարգացող երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը պետք է մեծացնել, այդ մասին նշված է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հղած ուղերձում։
«Մենք պետք է էականորեն մեծացնենք ֆինանսական օգնությունը զարգացող երկրներին՝ էքստրեմալ եղանակային երևույթներին դիմակայելու, բնությունը պաշտպանելու և կայուն զարգացման հասնելու համար։ Անգործությունը չափազանց թանկ է նստում։ Իսկ արագ և արդյունավետ գործողությունները տնտեսական առումով արդարացված են։ Էկոհամակարգի վերականգնման նպատակով յուրաքանչյուր դոլարի ներդրման արդյունքում խնայվում է մինչև 30 դոլար»,- ասել է Գուտերեշը՝ կոչ ուղղելով նաև հոգատարությամբ վերաբերվել շրջակա միջավայրին։
«Մարդկության գոյությունը կախված է հողից, բայց ամբողջ աշխարհում աղտոտվածության, կլիմայական քաոսի և կենսաբազմազանության կորստի վնասակար համակցությունը առողջ, բերրի հողերը վերածում է անապատների, իսկ ծաղկող էկոհամակարգերը՝ մեռած գոտիների։ Ոչնչացվում են անտառներն ու արոտավայրերը, սպառվում է էկոհամակարգերի գործառնության, գյուղատնտեսության ու համայնքների կյանքի համար անհրաժեշտ հողի ներուժը։ Իսկ դա նշանակում է բերքի կորուստ, ջրի աղբյուրների ցամաքում, տնտեսության անկում և գոյության վտանգ բնակչության, հատկապես ամենաաղքատ երկրների բնակչության համար: Մենք հայտնվել ենք մահաբեր արատավոր շրջանակի մեջ, ժամանակն է դուրս գալ այդ շրջանակից»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը սահմանվել է 1972 թվականին ՄԱԿ-ի բնապահպանական խնդիրներին նվիրված կոնֆերանսի ժամանակ և նշվում է հունիսի 5-ին: