05/06/2024 10:34
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը։
Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 10-11-ին՝ Ղազախստանում։
«Դրա անցկացումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել այս ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով»,- ասել է Գալուզինը, ում խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը բարձր է գնահատել նաև Աստանայի դերը, որը հարթակ է տրամադրել հայ-ադրբեջանական շփումների համար։
«Կարևոր է, որ նման հանդիպումները համահունչ են ընթանում 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, խաղաղության պայմանագրի կնքումից զատ, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, ընդհանուր սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների միջոցով շփումների զարգացում»,- նշել է Գալուզինը: