05/06/2024 10:22
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են սկսվել Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապակումից հետո ստուգումներ են սկսվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ մինչ նախարար դառնալը՝ արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչև նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչև 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել: Հուսանք՝ այս գործը մինչև վերջ կքննվի, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման «ծածկադմբոց» կարվի»։