06/06/2024 16:13
Փաստվել է, որ ԲԴԽ-ն համալրվել է նոր՝ բարեվարքության ստուգում անցած անձանցով. Կարեն Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
ԲԴԽ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը գործընկերներին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որը հնարավորություն կընձեռի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, կբացառի դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և կմոտիվացնի դատավորներին առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու հարցում։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ քննարկվել է Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ու անձանց իրավունքների պաշտապունությանն ուղղված այն հսկայածավալ բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխություններին։ ԲԴԽ նախագահը նշել է, որ արդեն լուծված է քաղաքացիական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման խնդիրը, որը նաև արդեն գործում է թվային հարթակում։
Մասնակի լուծված է քրեական դատարանների ծանրաբեռնծության խնդիրը և այժմ աշխատանքներ են տարվում վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը օրենսդրական կարգավորումների և հաստիքների համալրման միջոցով թոթափելու ուղղությամբ, որի արդյունքը ևս առաջիկայում տեսանելի կլինի։
Անդրադարձ է կատարվել դատական համակարգում վեթթինգի թեմային, որը դատական համակարգի կայացման և կայուն զագացման նախադրյալներից է։ Փաստվել է, որ վերջին տարիներին դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի ճնշող մեծամասնությունը փոփոխվել է, համակարգը համալրվել է նոր՝ բարեվարքության ստուգում անցած անձանցով։
Քննարկման ավարտին պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը ոչ միայն օրենսդրական բարեփոխումների միջոցով արդարադատության որակի բարելավման հարցում, այլ նաև դատարանների շենքային պայմանների բարելավման միջոցով։