06/06/2024 09:40
«Հրապարակ». Պարզ է, որ «Շողակաթը» փակել չի ստացվելու. նպատակը Փաշինյանի «աչքը մտնելն» է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներն արդեն քանի օր է՝ հաստատում են Նիկոլ Փաշինյանի ուսապարկը լինելու մասին իրենց տրված բնորոշման ճշմարտացիությունը։ Օրենսդիր մարմինը, որը կոչված է կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու, արդեն 2 շաբաթ է՝ բյուջեի կատարողականի հարցերը թողած, սրբազան պայքարն է բզկտում։ Երեկ հասել էին Հայ առաքելական եկեղեցուն պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերությանը, և ՔՊ-ական 3 պատգամավոր` պասերով խաղարկելով, Արսեն Թորոսյանի բարձրաձայնած առաջարկն էին քննարկում` «Շողակաթը» փակելու մասին: Զեկուցողը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էր, ում ուղիղ տեքստով առաջարկեցին փակել «Շողակաթը» և այդ հեռուստաընկերությանը հատկացվող տարեկան 206 միլիոն դրամն էլ տալ Հանրայինին, որ հարստացնեն իրենց «մշակութային, կրթական հաղորդումների բազան»։
Պարզ է, որ «Շողակաթը» փակելը չի ստացվելու, և նպատակը դա էլ չէ, այլ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելը, Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնելը», թե Հայ առաքելական եկեղեցուն մի հարված էլ հասցրինք: Մենք նկատեցինք, որ հենց քննարկման ժամանակ Թագուհի Ղազարյանը, Ծովինար Վարդանյանն ու Արսեն Թորոսյանը, խորասուզված հեռախոսների մեջ, ինչ-որ բան էին գրում, հընթացս գլխով համաձայնության նշաններ տալով իրար»։