07/06/2024 12:14
Պայթած գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, երեխաները չեն տուժել, բայց ընտանիքի հայրը ծայրահեղ ծանր վիճակում է
Պայթած գազաբենզալցակայանի հարևանությամբ գտնվող բնակելի տունը, որին կից խանութ-պահեստ կա, ևս մեծ վնասներ է կրել, մոխրակույտի է վերածվել։ Խանութին հարակից տարածքում երեխաներ ունեցող ընտանիք է ապրելով։
Ականատեսներից Արթուր Գևորգյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ այդ տանն ապրող ընտանիքի հոր ընկերն է։
Նա նշեց, որ, բարեբախտաբար, պայթյունից մի քանի րոպե առաջ երեխաները դուրս են եկել շինությունից:
«Դեպքից 2 րոպե հետո, արդեն այստեղ էի, բայց ընկերոջս արդեն տեղափոխել էին հիվանդանոց։ Երեխաներին տարել են տատիկի մոտ, նրանց հետ ամեն ինչ կարգին է, նրանք չեն տուժել»,-ասաց ականատեսը և նշեց, որ այդ տարածքում բնակվող ընտանիքի հայրը՝ Գևորգ Չերքեզյանն այս պահին այրվածքներով գտնվում է հիվանդանոցում՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում է։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։