07/06/2024 16:21
Աննա Վարդապետյանը հանդիպել է «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի ուսանողներին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի ուսանողներին:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ դրանցից առանձնացնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտները:
Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Գլխավոր դատախազության իրականացրած աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ առ այսօր դատարան է ներկայացվել 108 հայցադիմում: «Այդ հայցադիմումներով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1150 անշարժ և 225 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 305 իրավաբանական անձանցում մասնակցություն: Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 559 միլիարդ 687 միլիոն դրամ»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ 2023 թվականից առ այսօր Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 6 համաձայնություն: Դրանցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 118 միլիոն դրամ արժեքով, Հայաստանի սեփականությանն է փոխանցվում նաև շուրջ 609 միլիոն դրամ, որից 270 մլն դրամն արդեն վճարվել է:
Հարցուպատասխանի ձևաչափով շարունակված քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Դատախազության սահմանադրական լիազորություններին, դատախազներին ներկայացվող պահանջներին, այդ թվում՝ բարեվարքության ստուգմանը, «ուշացած արդարադատության» խնդրին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենսդրական հիմքերին, զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություններին ու այլն: