07/06/2024 19:33
«Բավական է՝ քո աթոռը պահելու համար անընդհատ հանձնես, անընդհատ զիջես, անընդհատ կատարես թշնամու հրամանը»․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում պայքարին միացած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական պահանջներին ու դրանց ՀՀ գործող իշխանությունների տված արձագանքին, որոնք Սրբազանը որակեց անատամ, իսկ միգուցե նաև՝ ներքին կարգով Ադրբեջանի հետ համաձայնեցված։
Բագրատ Սրբազանը շեշտեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ոչ թե բանակցություններով է, այլ Ադրբեջանի կողմից եկած թելադրանքներով, պարտադրանքով ու հրամաններով։
«Բավական է՝ քո աթոռը պահելու պատճառով անընդհատ հանձնես, անընդհատ զիջես, անընդհատ գտնվես հրամանի ներքո, այն էլ՝ թշնամական կողմից հրամանի ներքո»,- դիմելով գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Այս պայմաններում է՛լ ավելի հրատապ է դառնում թշնամու թելադրանքով գործողների հեռացումը, ընդգծեց նա։
«Ուրիշ ճանապարհ մենք չունենք, չեն թողել ոչ մի այլ ճանապարհ, և մենք դա անելու ենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։