07/06/2024 14:29
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքերում:
Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ վերջնական ցուցակը՝ նաև ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է թղթային տեղեկացումների նամակներից ազատվելու անհրաժեշտությամբ։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։
Հիմնականում նախագծի անհրաժեշտությունը առաջացել է թղթային նամակներից ազատվելու համար, հետագայում նաև ԿԸՀ-ն հավելվածի առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարողանալու է տեղեկատվություն ստանալ իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի վերաբերյալ»,- ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ներկայում գործող կարգավորումները բավականին հնացած են։