07/06/2024 19:47
«Ձեր ծառաները շուտով հեռանալու են․ Ո՛չ դու, ոչ էլ քո գործընկերը, Հեյդարի որդի Իլհամ, չեք կարող պարտադրել այն, ինչն ամբողջությամբ հակառակ է մեր կամքին»․ Բագրատ Սրբազանի ուղերձը
Սուրբ Աննա եկեղեցու բակում պայքարին միացած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը շեշտեց՝ թշնամու թելադրանքն ու թշնամու հրամանները կատարող իշխանությունը պետք է ժամ առաջ հեռացվի, այլ ճանապարհ չկա։
Այս պայքարն, ինչպես նշեց Սրբազանը, դրա համար է, «այն երկու ուղղությամբ է՝ ներքին և արտաքին»։
«Մեր պայքարը երկու ուղղությամբ է՝ ներքին և արտաքին։ Մեր հստակ ուղերձն է Ալիևին և նրա կողքին գտնվող բոլոր այն շահառուներին, որոնք խնդիր ունեն մեզ հետ․ ձեր ծառաները շուտով հեռանալու են, դուք մտածեք, թե ինչ եք անելու։
Ես շատ ցավում եմ, որ իմ պետության իշխանավորների մասին այդպես եմ խոսում, բայց նրանք այլ նկարագիր չունեն, քան ծառա լինելը։ Մեր ամբողջ Շարժման բովանդակությունն ու էությունը Հայաստանի Հանրապետության շահն է և մեր հայկական օրակարգը։ Այն չի՛ կարող լինել որևէ ազդեցության, որևէ թելադրանքի ներքո, որևէ ուղղորդմամբ։ Հետևաբար, մեր կյանքին ու կենսագրությանը նայող առաջին թշնամուն հստակ կերպով մեր պատգամն է՝ ո՛չ դու, ոչ էլ քո գործընկերները, Հեյդարի որդի Իլհամ, որևէ կերպով չեք կարող պարտադրել այն, ինչն ամբողջությամբ հակառակ է մեր կամքին, մեր կենսագրությանը և մեր գոյությանը։ Հայությունն իր խոսքը դեռ ամբողջական իմաստով չի ասել։ Այն, ինչ քեզ ու քո գործընկերներին, ծառաներին թվում էր, թե դուք արդեն Հայաստանում իրականացրել եք, չարաչար սխալվում եք»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։