07/06/2024 17:31
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է ճգնաժամ, երկու երկրները նոր ու խորքային երկխոսության կարիք ունեն»․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների։
Ասուլիսը լուսաբանում են այնպիսի հեղինակավոր լրատվականներ, ինչպիսիք են BBC-ին, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, Sputnik-ը և այլ գործակալություններ։
Ասուլիսի ընթացքում Բագրատ Սրբազանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է ճգնաժամ, երկու երկրները նոր ու խորքային երկխոսության կարիք ունեն, որը հիմնված կինի արդեն իսկ առկա պայմանավորվածությունների վրա»,-ТАСС գործակալության հաղորդմամբ՝ ասել է Բագրատ Սրբազանը։
«Հայաստանը պայմանագրային իրավահարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, թեև այսօր այդ հարաբերությունները, մեղմ ասած, լավ վիճակում չեն, եթե չասենք, որ էապես խաթարված են։ Չնայած շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն պայմանագրային համաձայնությունների մակարդակի, բերվեն նորմալ հունի։ Խնդիրներ շատ կան, և մենք պետք է պատրաստ լինենք լուծել այդ բոլոր հարցերը փոխըմբռնման մթնորոլտում՝ երկխոսության միջոցով»,- ասել է նա։
Սրբազանը նշել է նաև, որ Հայաստանի ու աշխարհի հարաբերությունները չեն կարող զարգանալ «դեմ» կամ «հակա» սկզբունքով, բոլոր հարցերում Հայաստանը պետք է հետամուտ լինի ազգային շահին։