07/06/2024 11:43
Տարեկան 500 մլն պետությանը հարկ վճարողը գնո՞ւմ է սնանկության․ 99,99 տոկոս պնդում ենք՝ դիտմամբ են պայթեցրել. «Գազ օիլ» ՍՊԸ-ի համասեփականատերեր
Տարեկան 500 մլն պետությանը հարկ վճարողը գնո՞ւմ է սնանկության, որ ամբողջ լրատվամիջոցներով տանում են սնանկության, ամոթ է, ուղղակի ամոթ, պարապ են մնացել. լրատվամիջոցների հետ զրույցում ասացին «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատերերը, որոնք չցանկացան տեսախցիկների առաջ խոսել։
«Այսօր այս կազմակերպությունով ներմուծում ունենք, ապրանք ենք ներմուծում, եթե ներմուծում ենք, ոնց ենք սնանկանում»,-ասաց համասեփականատեր Էրիկ Հայրապետյանը։
Նա նշեց, որ քննչական մարմինն առայժմ ոչինչ չի պարզել, քանի որ կրակն առավոտյան 9-ի կողմերն է մարվել։ «Բայց անօրինականության հետ կապված տեղեկությունները հերքում ենք, ունենք բոլոր թղթերը, այսօր էս երկրում անօրինական աշխատելն անհնար է, բոլոր թղթերն էլ ներկայացնելու ենք համապատասխան մարմիններին»,-ասաց նա։
Նա ևս պնդեց, որ գազալցակայանը դիտմամբ են պայթեցրել․ «Միանշանակ դիտմամբ է»։
Սեփականատիրոջ ամուսին ներկայացած անձն էլ հավելեց. «Կրկին անգամ ասում եմ՝ պատվեր են կատարել, չենք կարա անուններ ասել, դա քրեական գործին կխանգարի։ 99,99 տոկոս, պնդում եմ, որ զակազ են կատարել»։
«Հեղուկ գազի ցիստեռներն իրավունք չունեն այսպես պայթելու։ Որ նայում ենք տեսքին, սա ինքն իրանով պայթել հնարավոր չէր, դա բացառվում է»,-ավելացրեց Էրիկ Հայրապետյանը և նշեց, որ քննչականին կներկայացնեն իրենց կասկածները։
Նրանք նաև տեղեկացրեցին, որ այս պահին հիվանդանոցում են գտնվում գրանցված 5 աշխատողներ, նրանցից մեկը փորձաշրջան էր անցնում։
Ասացին՝ տեղեկացվել են, որ բացառությամբ մեկի՝ մյուսների առողջական վիճակը դրական են գնահատել։
«Ծանրերից մեկի մոտ դրական դինամիկա կա, մյուսի մասին դեռ շուտ է խոսել»,-ասաց նա։