08/06/2024 14:59
Ոստիկանները գլուխ չունեն, ռոբոտ են, քաղաքական հովանավորչությամբ անում են՝ ինչ հրամայում են (Տեսանյութ)
Իրավապահ համակարգի ներկայացուցիչները գլուխ չունեն, ռոբոտ են, անում են այն, ինչ հրամայվում է ու դա ներկայացնում են իբրև թե գործ անել, բայց իրենց գործը մարդկանց հրամանով բանտարկելը չէ, իրենց գործը հանցագործության դեմ պայքարելն է, և այն դեպքերում, երբ չկա հանցագործություն, որևէ բան չանելն է, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա ընդգծել է՝ իրենց թեզը, թե քաղաքականությամբ չենք զբաղվում, անհիմն է, ի՞նչ քաղաքականություն, երբ թշնամին ուզում է հայրենիքդ վերցնել, իսկ իշխանությունը տալիս է․
«Իրենց ներկայացված է պահանջ՝ քաղաքական չեզոքություն պահպանել, հիմա, եթե ես ասում եմ, որ դեմ եմ հայրենիքս հանձնելուն, նշանակում է՝ խախտե՞լ եմ քաղաքական չեզոքությունը։ Եթե համարում եք, որ դա քաղաքականություն է, պարտավոր եք զբաղվել քաղաքականությամբ, հարկ եղած դեպքում՝ ազատման դիմում ներկայացնելով»։
Բաբայնը հարց է հնչեցնում՝ քաղաքականությամբ չի կարելի զբաղվել, իսկ հանցագործություն կարելի՞ է անել․ «Հարգելի քննիչ, ծեծուջարդ անողին ինչու՞ պատասխանատվության չեք կանչում։ Մենք գործ ունենք քաղաքական հովանավորչության հետ, շատերը նույնիսկ չեն վարանում խոստովանել դա։ Այդ հովանավորչությունը գործով են ապացուցել, երբ 2022 թվականի հունիսի 3-ին ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, երեք քրեական վարույթ հարուցվեց, ապա կարճեցին դրանք՝ իբրև թե որևէ հանցակազմ չեն հայտնաբերել ոստիկանների գործողություններում։ Սա հստակ ուղերձ է, որ հաջորդիվ հոգին հանած ոստիկանները անկաշկանդ անեն նույնը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։