08/06/2024 20:37
Նրանք, ովքեր լատենտ ձևով սպասարկում են Ռուսաստանի շահերը, առողջ ընդդիմադիր ուժերին ներկայացնում են իբրև ռուսամետ, իբրև ծայրագավառի ներկայացուցիչ․ Դավիթ Սարգսյան (Տեսանյութ)
«Եթե 2018 թվականին չլիներ ռուսական կապիտալով ընկերությունների ուղղորդված ներկայությունը հրապարակում, Հայաստանի գործող վարչապետը երբեք չէր զավթի իշխանությունը, հետևաբար Նիկոլ Փաշինյանն ինքն է Ռուսաստանի դրածոն։ Եթե որևէ կայսրություն Հայաստանում իշխանություն փոխելու ցանկություն ունենար, ապա վաղուց դա արել էր, ինչպես 2018 թվականին,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է լրագրող Դավիթ Սարգսյանը։
«Փաշինյանն իշխանության գալով՝ ընդունել է Պուտինի այն վերջնագիրը, որով հայկական եռագույնի ներքո Սիրիայում զորախումբ պետք է տեղակայվեր՝ փաստացի ընդդիմանալով ամերիկյան ներկայությանը։ Այսինքն՝ «հպարտ» ու «ինքնիշխան» վարչախումբը իշխանության գալուց մեկ-երկու ամիս անց համաձայնում է այն որոշմանը, որին տարիներ շարունակ ընդդիմանում էին «ծայրագավառային» և «ռուսահպատակ» իշխանությունները։ Իհարկե, այս մասին Հանրային հեռուստաընկերություն հյուր գնացող քարոզիչները չեն խոսի։
Այդ քարոզիչներին հաջողվել է լվանալ այն մարդկանց ուղեղները, որոնք իրականությունից կտրված պատկերացումներ ունեն այս կամ այն իրողության մասին։ Այդ գործին լծված են Փաշինյանի «տրոյական ձիերը», որ քարոզչական դաշտը լցնելուց բացի, անհրաժեշտ պահին նաև քաղաքական հայտ կներկայացնեն. ոմանք արդեն դա անում են։
Այդ քաղաքական ուժերի նպատակը մարդկանց ուղեղները լվանալով, կեղծ հակառուսականություն տարածելով, իշխանամետ թեզեր ծամծմելով՝ ընդդիմադիր դաշտը լղոզելն է։ Հատկանշական է, որ նրանք, ովքեր ամենաշատն են լատենտ ձևով սպասարկում Ռուսաստանի շահերը, առողջ ընդդիմադիր ուժերին ներկայացնում են իբրև ռուսամետ, իբրև ծայրագավառի ներկայացուցիչ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում