08/06/2024 09:39
«Հրապարակ». Արմեն Աբազյանը քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու Փաշինյանի առաջարկը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների հակառուսական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու ԱԱԾ հին կազմի հարաբերություններում խոր անջրպետ է առաջացրել: Այս կառույցը, որպես կանոն, պրոռուսական է, նաև դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը վերջին տարիներին հետևողականորեն փոքրացնում, թուլացնում է այն՝ ուժեղացնելով եվրոպական կողմնորոշման կառույցները: Իսկ Արմեն Աբազյանը մեկ այլ հարցում էլ է հակադրվում Փաշինյանին. քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու նրա առաջարկը։
Օրենքը, հիշեցնենք, նվազ թվով պաշտոնյաների է թույլատրում բնակվել Կոնդի առանձնատներում, մեկն ԱԱԾ տնօրենն է, ում համար նույնիսկ առանձնատուն են պատրաստել, բայց նա հրաժարվել է տեղափոխվել: Չնայած Փաշինյանն ամեն ինչ արել է, որ նա տեղափոխվի: Այդ դեպքում կարող էր գիշերվա ժամը 2-ին ներխուժել նրա տուն կամ հրավիրել իր մոտ՝ իր կասկածները և գիշերային մղձավանջները փարատելու: Նաև դա է պատճառը, որ Աբազյանը չի վայելում վարչապետի վստահությունը, և մի հարմար պահի նրան ազատելու են պաշտոնից։ Հիշեցնենք, որ այս պահին ամառանոցներում 3 ընտանիք է ապրում՝ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Ալեն Սիմոնյանի»։