08/06/2024 17:05
Սահակաշվիլու հիմնած կուսակցության ղեկավարը հրաժարական տվեց
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին որոշել է լքել պաշտոնը՝ առողջական խնդիրների պատճառներով ։ Նա Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից։
«Ես կոնկրետ որոշում եմ կայացրել. մի քանի օրից կուսակցության համագումար եմ հրավիրելու, որտեղ կուսակցության ղեկավարի պաշտոնում կառաջարկեմ Թինա Բոկուչավայի թեկնածությունը»,- ասել է քաղաքական գործիչն ասուլիսի ժամանակ։
Նա մանրամասնել է, որ իր որոշումը պայմանավորված է առողջական վիճակով և բժիշկների հորդորով՝ հրաժարվել ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքից։ Խաբեիշվիլիին կուսակցության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Բոկուչավան, որը գլխավորում է «Միացյալ ազգային շարժման» խորհրդարանական խմբակցությունը։
Խաբեիշվիլին ծեծի է ենթարկվել հունիսի 1-ի գիշերը՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Իրավապահների վարկածով՝ նա ներխուժել է հատուկ նշանակության ջոկատի շարքեր և հակահարված ստացել։ Խաբեիշվիլիի խոսքով՝ ինքը փորձել է ցույցի ժամանակ թույլ չտալ երիտասարդներից մեկին բերման ենթարկել։