08/06/2024 17:50
Այս իշխանությունները ոչ թե «խաղաղության պայմանագիր» են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել Հայաստանի Հանրապետության վրա․ Բագրատ Սրբազան
Հայաստանի իշխանությունները թշնամու թելադրանքով ու հրամաններով են շարժվում, Վանաձորում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Թշնամին ամեն օր ցույց է տալիս, որ ինքն է թելադրողը, սրանք էլ անատամ, ոչինչ չասող հայտարարություններով իբրև փորձում են արձագանքել, բայց արձագանք էլ չկա խորքում։
Ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանը՝ «պատրաստ ենք մի ամսից խաղաղության պայմանագիր կնքել»։ Մեր ռազմագերիները, գերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում են Բաքվի բանտում, էս մարդիկ պատրաստ են մի ամսից «խաղաղության պայմանագիր» կնքել»,- ընդգծեց Սրբազանը՝ հավելելով՝ գաղտնի են պահում այդ «խաղաղության պայմանագրի» բովանդակությունը։
«Ի՞նչ է բովանդակությունն այդ «խաղաղության պայմանագրի», որևէ մեկդ տեղյա՞կ եք, գիտե՞ք։ Ոչ ոք տեղյակ չէ։ Ուրեմն, սրանք ոչ թե «խաղաղության պայմանագիր» են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել մեր գլխին՝ Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ սա չհասկանալը մեղք է մեզ համար։ Ուստի մենք, ուժերի գերլարումով, ամեն ինչ պետք է ներդնենք, որպեսզի այս մարդիկ ժամ առաջ հեռանան։
Եվ այդ օրերը շատ մոտ են, մոտեցրել եք այդ օրերը, ժողովու՛րդ»,- ասաց Բագրատ Սրբազանը։