08/06/2024 10:01
«Ժողովուրդ». Փաստաբանական համայնքում կրկին կրքեր են թեժանալու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստաբանների հանդիպումն ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ այդքան էլ արդյունավետ չի անցել, ու վերջիններս հանդիպումից հետո վստահ են, որ խնդրահարույց օրենքը երկրորդ ընթերցմամբ կընդունվի, ու իրավիճակից կտուժեն ՀՀ քաղաքացիները: Ուստի, փաստաբանական համայնքում կրկին կրքեր են թեժանալու. տեսնենք, թե որն էլ լինելու նրանց հաջորդ քայլը։
Ինչպես հայտնի է, Փաստաբանական համայնքը մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։
Փաստաբանները Ազգային ժողովից պահանջում են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները: Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետևանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ՝ վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է: Այսինքն՝ փաստաբանական ծառայության գներն էապես կբարձրանան»։