10/06/2024 13:20
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին բացառիկ տաճար է, որը ցույց է տալիս, թե ինչպիսին են եղել հայկական եկեղեցիները վաղքրիստոնեական շրջանում. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)
Ապարան քաղաքի կենտրոնում գտնվող 4-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին ոչ միայն վկայություն է, որ այս տարածաշրջանում հայ քրիստոնյաներն ապրել են վաղնջական ժամանակներից, այլև եզակի կանգուն և գործող հոգևոր տաճար է, որը թույլ է տալիս տեսնել, թե ինչպիսին են եղել հայկական եկեղեցիները քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուն հաջորդած տարիներին: Ցավոք, Սուրբ Խաչի նման մեկ այլ վաղքրիստոնեական տաճար՝ Աղավնո գետի հովտում, Բերձորի մոտակայքում գտնվող Ծիծեռնավանքը հանձնվեց Ադրբեջանին, ուստի այս պահին Սուրբ Խաչը Հայաստանի տարածքում գտնվող բացառիկ նշանակություն ունեցող ճարտարապետական կառույց է, որը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության կարևորագույն մասն է:
Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ գիտնականների շրջանում բանավեճ կա առ այն, թե արդյո՞ք Սուրբ Խաչի հիմքում նախաքրիստոնեական կրոնական կառույցի շերտ կա: Սուրբ Խաչն այնքան նշանակալի զարդաքանդակներ ունի, որ 20-րդ դարի կեսերին Ա. Սահինյանի ղեկավարած արշավախմբի աշխատանքների արդյունքում մի գեղեցիկ զարդաքանդակ տեղափոխվել է Պատմության թանգարան: Կա վարկած, որ թեև Սուրբ Խաչը Գնթունյաց իշխանների Նիգ գավառում է, սակայն հնարավոր է, որ եկեղեցին կառուցել են Արշակունի արքաները՝ որպես թագավորական աղոթասրահ: Նաև գիտնականները շարունակում են բանավեճը, թե Արշակունի ո՞ր արքան է նվիրաբերել Նիգ գավառը՝ Տրդատ Առաջինը՞, Երկրորդը՞, թե՞ Երրորդը:
Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ Սուրբ Խաչը ապարանյան վանական համալիրի մաս է եղել և Սուրբ Խաչի հոգևոր ճեմարանի հիման վրա է հետագայում ձևավորվել Սանահինի հայտնի հոգևոր դպրոցը: Սուրբ Խաչն այսօր նաև հայտնի ուխտատեղի է, որի սյան վրա հայտնված Մարիամ Աստվածածնի պատկերը հազարավոր հավատացայլաների Ապարան ուխտագնացության է բերում:
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու, Գնթունյաց իշխանների և հայոց գահնամակի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում: