10/06/2024 14:35
Արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրություններով միջնորդությունը
ԱԺ պատգամավորներն արտահերթ նիստ հրավիրելու միջնորդություն են ներկայացրել, որի օրակարգում մեկ հարց է՝ կառավարության հրաժարական և նոր կառավարության ձևավորում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա ավելացրեց, որ 3 ժամ առաջ արդեն ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրությունով միջնորդությունը.«Գործող օրենքի համաձայն, արտահերթ նիստը պետք է գումարվի մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե խորհուրդը որևէ պատճառով չուզենա այս հարցը օրակարգ ներառել կամ սրան դեմ քվեարկի, ապա 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին, օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ։ Երկու խմբակցությունների կոմից՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», նաև միջնորդություն է ներկայացված, որ այսօրվա խորհրդի նիստում ներառվի հարցը և որոշում կայացվի՝ վաղը 18։30-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Եթե անգամ խորհուրդը վաղն էլ նպատակահարմար չգտնի, կարող է մինչև հունիսի 17-ը ժամը 18։30-ին գումարել նիստ»։
Պատգամավորը հավելեց, որ 35 պատգամավորի ստորագրություն կունենան, սակայն երկու պատգամավոր, տեխնիկական պատճառներից ելնելով, դեռ չի ստորագրել։
«Մենք ունենք այնքան ստորագրություն, որ արտահերթ նիստ կարող ենք հրավիրել։ Թե ինչպիսի վարքագիծ կդրսևորի քաղաքական մեծամասնությունը, որը բացարձակ մեծամասնություն է նաև խորհրդում, իրենց մտադրությունների մասին ցույց կտա»,-հավելեց նա։