10/06/2024 12:24
Հայ և հնդիկ գործարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
Երևանում հունիսի 8-ին կայացել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հնդկաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործարարների պատվիրակությունների հանդիպումը, որը միտված էր տնտեսական կապերի ակտիվացմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։
Ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային դաշտը՝ ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը մասնավորապես նշել է, որ Հնդկաստանի հետ համագործակցությունը կարելի է զարգացնել զբոսաշրջության, առողջապահության, տեքստիլի, սննդարդյունաբերության և շատ այլ ոլորտներում։ Որպես օրինակ նա մասնավորեցրել է ջրերի ֆիլտրացման հնդկական արդիական տեխնոլոգիաներն այն դեպքում, երբ Հայաստանում ջրերի մաքրման առումով խնդիրներ են առկա։
Հնդկական առևտրի պալատի (ICC) Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ, մի քանի մարզերում ՀՀ պատվավոր հյուպատոս և պատվիրակության ղեկավար Շիվկումար Էաշվարանը, ներկայացնելով իրենց կառույցը, նշել է, որ Հնդկաստանի առևտրի պալատը 100 տարեկան է և մեծ վարկանիշ ունի։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունը առևտրի 4 սյուն է ճանաչում, որոնց թվում առաջինը Պալատն է։ «Բնականաբար՝ ակտիվ փոխգործակցություն ապահովելու համար նախ հարկավոր է տեղեկատվական լիարժեք դաշտ ստեղծել, պարբերական հանդիպումներ, ցուցահանդեսներ և գործարար համաժողովներ կազմակերպել։ Փոխադարձ ճանաչողությունը բացում է բիզնեսի ճանապարհը։ Դա մեկնարկային քայլ է։ Մենք պատրաստ ենք համատեղ ծրագրեր իրականացնել»,- ասել է պատվիրակության ղեկավարը։
Մի քանի շնորհանդեսներով ներկայացվել են Հնդկաստանի նվաճումները արդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության, ինովացիոն տեխնոլոգիաների, տեքստիլի և այլ ոլորտներում։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և Հնդկաստանի առևտրի պալատի Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ Շիվկումար Էաշվարան ստորագրել են համագործակցության հուշագիր։
Հանդիպումը եզրափակվել է հայ և հնդիկ գործարարների միջև անմիջական գործարար բանակցություններով։