11/06/2024 11:46
ՀՀ-ի հետ պաշտպանության, անվտանգության հարցերում շարունակելու ենք աշխատել, համատեղ զորավարժությունից հետո սպասում ենք ավելիի. Ջեյմս Օ՛Բրայեն
Ես այստեղ եմ՝ վերահաստատելու երկկողմ հարաբերությունների համատեքստում մեր ամուր աջակցությունը տարբեր ուղղություններով. ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին հայտարարեց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։
Ըստ նրա՝ ՀՀ-ի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իրենց ցանկությունը և ԱՄՆ-ն հպարտ է աջակցել ժողովրդավարության ջանքերին։
«Գիտենք, որ ՀՀ-ի համար անվտանգությունը, բարեկեցությունը և ժողովրդավարությունը միասին զուգահեռ կողք-կողքի գոյություն ունեն և նշված երեք աշխատանքային խմբերն աշխատում են մեր ռազմավարական երկխոսության շրջանակում»,-ասաց նա։
Ջեյմս Օ՛Բրայենը նշեց, որ այդ ուղղություններից զատ ԱՄՆ-ն նաև աջակցում է տևական խաղաղության հաստատման ջանքերին տարածաշրջանում, նաև տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։
«Եթե տևական խաղաղություն լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այդ հնարավություններն ավելին կլինեն և ուրախ ենք այդ ասպարեզում աջակցել եղած ջանքերին»,-ասաց նա։
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարը նշեց, որ արդարադատության ոլորտում աջակցությունից զատ նաև պաշտպանության, անվտանգության հարցերում են շարունակելու երկկողմ աշխատել։
«Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը՝ «Արծիվ գործընկեր», սպասում ենք ավելիի։ Նաև կիբերանվտանգության ոլորտում, սահմանների անվտանգության, պարենային ու էներգետիկ անվտանգության ասպարեզում ենք ակնկալում աշխատել»,-ասաց նա։