11/06/2024 13:20
Լավ չեմ հասկանում, ո՞նց կարելի է գնալ փողոց, փողոցում պայքարել, որպեսզի տաճարը հաղթի փողոցին. Ռուբինյանը հայտարարեց՝ իրենցից իշխանություն չեն ստանա
Այսինքն՝ տաճարն է եկե՞լ փողոց, թե՞ փողոցն են ուզում տանել տաճար. ի պատասխան հարցի, թե չե՞ն հավատում շարժման այն պնդմանը, թե «տաճարը կհաղթի փողոցին, եռագույն էլ՝ սև-սպիտակին», պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես լավ չեմ հասկանում, ո՞նց է կարելի գնալ փողոց, փողոցում պայքարել, որպեսզի տաճարը հաղթի փողոցին։ Այսինքն՝ տաճարն է եկել փողոց, թե փողոցն են ուզում տանել տաճար։ Հետո էլ ասում եք եռագույնը կհաղթի, հիմա ո՞րն է՝ եռագո՞ւյնը, մանուշակագո՞ւյնը, թե՞ անգույնը։ Փաստն այն է, որ մենք հիմա քննարկում ենք լեզվաբանական հարցեր, ինչը նշանակում է, որ իրական օրակարգ չկա։ Իրական բովանդակություն չկա, չգիտենք ինչ են ուզում անեն, որ դա քննարկենք»,-ասաց նա։
Ըստ Ռուբինյանի՝ շարժման միակ տեսանելի քաղաքականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գնա և իրենք գան։
«Իրենք մեզանից իշխանություն չեն ստանա, կարող են մասնակցել հերթական ժողովրդավարական ընտրություններին, ժողովուրդն էլ իրենց քվե տա»,-ասաց նա։
Դիտարկմանը, իսկ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՞, Ռուբինյանն արձագանքեց, որ ոչ մի բան էլ տեղի չի ունենա, սահմանադրական ճգնաժամ չի առաջանա.
«Գուցե մի փոքր լուռ լինի»։