11/06/2024 18:27
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:
Հիշեցնենք` Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։
«Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացությունները երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը դիմել էր Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:
«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասել էր Բագրատ Սրբազանը։