11/06/2024 21:12
Արտահերթ նիստը կայանալու է. մնում է ՔՊ-ն գա. Արծվիկ Մինասյան
Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։
«Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։
Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, նիստը գումարվելու է»,- ասաց Մինասյանը:
Հիշեցնենք` Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։
«Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացությունները երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը դիմել էր Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:
«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասել էր Բագրատ Սրբազանը։