12/06/2024 15:55
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը, իսկ Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:
«Թուրքիան, որի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախը, շարունակում է աջակցել ալիևյան ցեղասպան ռեժիմին՝ իր շինծու և հայատյաց թեզերի մշակման և տարածման գործում:
Օրեր առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ազգային հանձնաժողովի նախագահ Մահմուդ Օզերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ համայնքը զբաղվում է իբր «Հայաստանից բռնագաղթված ադրբեջանցիների», պետական հովանավորությամբ հակահայկական կեղծ թեզերի մշակման և տարածման հարցերով: Հանդիպման ընթացքում նրանք խոսել են այսպես կոչված «օղուզ-թյուրքական հողերը միավորող «Արևմտյան Ադրբեջանի» մասին»:
«Հայաստանից հեռացած ադրբեջանցիների» վերադարձի հարցը բարձրացնելով՝ Ադրբեջանն իրականում ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը և հակադրվել տեղահանված արցախահայության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու և ինքնորոշման իրավունքն իրացնելու արդար պահանջին:
Հանդիպման ընթացքում Մահմուդ Օզերը նշել է, որ քննարկումներ է անցկացնելու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի իր գործընկերների հետ՝ ավելի սերտորեն աջակցելու «Արևմտյան Ադրբեջան»-ի խնդրին: Այդ նպատակով նա առաջարկել է համատեղ հրատարակել հարցը ներկայացնող եռալեզու՝ ադրբեջաներեն, թուրքերեն և անգլերեն գիրք: Սա ևս մեկ անգամ վկայում է պատմական փաստերի խեղաթյուրման և այդ կեղծիքները միջազգային հանրության շրջանում տարածելու մասին:
Եթե մինչ այդ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը շրջանառվում էր հիմնականում ադրբեջանական միջավայրում, ապա այժմ այդ կեղծիքի տարածմանը ակտիվորեն աջակցում է Թուրքիան: Հայ ժողովրդի նկատմամբ այդ երկրների ցեղասպան և հանցավոր քաղաքականությունը չի դատապարտվել միջազգային կառույցների կողմից. նման անպատժելիությունը բերելու է նոր հանցագործությունների»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ: