12/06/2024 15:43
Խաղաղության պայմանագիրը մենք պետք է կնքենք, ոչ թե այս մարդիկ, իրենք խաղաղությունը մուրում են ուղղակի. Սրբազան
Այնտեղ ոչ սահմանազատում կա, ոչ էլ՝ սահմանագծում, կան միակողմանի հանձնումներ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Եվ հենց առաջին օրվանից էլ մենք ասել ենք, որ դա հակասահմանադրական է, հակասում է միջազգային բոլոր սկզբունքներին և երաշխավորների բացակայություն գոյություն ունի։ Այնտեղ կա թելադրանք և հարկադրանք»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, թե այն ինչ տեղի է ունենում սահմանին, պետության սահմանների անհասկանալի ձևախեղում է։
«Խաղաղության պայմանագիրը մենք պետք է կնքենք, ոչ թե այս մարդիկ։ Այս մարդիկ խաղաղությունը մուրում են ուղղակի։ Նրանք այնտեղ ասում են Սահմանադրությունը փոխեք, սրանք այստեղից ասում են՝ մեկ ամսից կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել։ Սա բանակցությո՞ւն եք համարում»,-ասաց Սրբազանը։ Լրագրողի հարցին, թե պայքարի ժամկետը լրանում է, ինչ են անելու հետագայում, Բագրատ Սրբազանն արձագանքեց.
«Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է։ Ասել եմ 4 օր, հետո էլ կարող է ևս 4 օր ասեմ, հետո էլ մի տարի ասեմ։ Այս օրը չափազանց կարևոր է։ Ես ասել եմ, եթե մեր ժողովուրդը կհավաքվի, իր ընդվզումը, անհամաձայնությունը կհայտնի, ես էլ պատրաստ եմ իրացնելու»։