12/06/2024 10:57
ՔԿԾ պետը ելույթ է ունեցել ԵԽ-ի ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 3-րդ նիստին
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 3-րդ նիստին։
Համակարգող խորհրդի նպատակն էր ներկայացնել երկու ծրագրերի շրջանակներում իրականացված և նախատեսվող գործողությունները։
Նիստին իր ելույթում Ամբակում Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում քրեակատարողական ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Ծառայության պետը, ի թիվս այլնի, անդրադարձել է ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարիքները գնահատելու համար ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման նոր գործիքին, որը փորձարկվել է 4 ՔԿՀ-ներում։
Բացի այդ՝ Ամբակում Գրիգորյանը խոսել է «Վերասոցիալականացման ծրագրերի ներդրման և իրականացման կարիքների գնահատման զեկույցի» մասին, որում ներկայացված առաջարկությունների հիման վրա որոշում է կայացվել ԵԽ-ի աջակցությամբ «Սևան» ՔԿՀ-ի տարածքում ստեղծել փայտամշակման արհեստանոց՝ նպաստելով դատապարտյալների զբաղվածության ապահովմանն ու աշխատանքային նոր հմտությունների ձևավորմանը։
Ծառայության պետը ներկայացրել է նաև առաջարկություններ պատժի անհատական պլանների կազմման սկզբունքների և ուղեցույցների մշակման, ՔԿՀ-ներից որևէ մեկում ազատազրկված անձանց ողջամիտ զբաղվածության ապահովման նպատակով նոր կենտրոնների բացման, ինչպես նաև ՔԿՀ-ների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների գործունեության նոր մոդելի մշակման և ներդրման վերաբերյալ։