12/06/2024 22:34
«Վե՛ր կանգնեք ամեն ինչից․ Եթե ձեզ համար իսկապես թանկ է հայրենիքը, պիտի լինեք այնտեղ, որտեղ ժողովուրդն է»․ Սրբազանի կոչը՝ քաղաքական բոլոր ուժերին
Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ գնում են կառավարության շենք։ Հավանաբար, Նիկոլ Փաշինյանն այնտեղ է։
«Գնալու ենք կառավարություն, եթե այնտեղ չեղավ, կվերադառնանք։ Վերադառնալու ենք այստեղ, այս ճամբարը։ Առավոտյան ժամը 09։00-ից սկսած՝ գտնվելու ենք կառավարության շենքի դիմաց»,- ասաց Սրբազանը, ապա դիմեց քաղաքական ուժերին։
«Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին․ սպասում ենք ձեր դատապարտող հայտարարություններին։ Կազմեք ձեր դատապարտող հայտարարությունները՝ այսօր գործված բոլոր անօրինությունների վերաբերյալ»,- ասաց Սրբազանը։
Նա ընդգծեց՝ իր խոսքն ու կոչը ինչպես մինչև հիմա հայրենիքի ճակատագրի նկատմամբ անտարբերություն ցուցաբերած քաղաքական ուժերին է ուղղված, այնպես էլ քաղաքական խոշոր ուժերին․
«Նրանց, ովքեր հավակնություն ունեն այս ժողովրդին տեր լինելու կամ ծառայելու, ովքեր հավակնություն ունեն մեր երկրում իբր ժողովրդավարության պաշտպաններ լինելու, ովքեր լիուլի օգտվել են էս ժողովրդից․ հիմա ժամն է ձեզ ցույց տալու։ Չե՛ք կարող որևէ ձևով թաքնվել, բավակա՛ն է։ Այո, առավոտյան ժամը 09։00-ին սպասում ենք ձեզ՝ կառավարության շենքի դիմաց, քաղաքական ուժեր, կուսակցություններ, բոլորի՛դ։ Էլ մի՛ խոսեք ոչ մի բանի մասին։ Եթե իսկապես ձեզ համար թանկ են այս հայրենիքն ու ժողովուրդը, որի անունով խոսել եք, հավակնություններ եք ունեցել խոսելու, ուրեմն այնտեղ պիտի լինեք, որտեղ այս ժողովուրդն է։ Փոխե՛ք ձեր ճոխ, սպիտակ շապիկները, լաքած կոշիկները, վե՛ր կանգնեք ամեն ինչից, սրան-նրան հավանելը փոխե՛ք, եթե իսկապես ձեզ համար թանկ է ձեր հայրենին։ Պետք է այս մարդուն պարտադրենք, որ հասկանա՝ այս երկրում անելիք չունի, որ ոստիկանությունն էլ հասկանա, թե ում է պահում՝ վախկոտ ղեկավարին։
Այո, առավոտյան ժամը 09։00-ին սպասում ենք ձեզ՝ կառավարության շենքի դիմաց, քաղաքական ուժեր, կուսակցություններ, բոլորի՛դ»։