12/06/2024 23:03
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով սպանություն՝ Արմավիրի մարզում. կա զոհ
Այսօր՝ հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում և տեղի է ունեցել սպանություն։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանին և մարզի օրվա պատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Մինչ ոստիկանները ու պարեկները կժամանեն դեպքի վայր, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ամբերդ գյուղի բնակիչ 60-ամյա Արծրունի Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտից։
Դեպքի վայրում հավաքված՝ սպանվածի ու սպանությունը կատարողի համագյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ դեպքը մի կաթիլ մեղրի պատմությանն է նման։ Սպանվածի հարազատները սպանությունը կատարողի տղայի հետ վիճաբանություն են ունեցել, ինչի մասին հայրն իմացել է, որից հետո նա դարանակալել է գյուղի սկզբնամասում՝ դպրոցի հարևանությամբ, ու երբ «Opel»-ը մտել է գյուղ, նա դիմահար կրակոցներ է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի պատճառով էլ Opel-ի վարորդը վիրավորվել է, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել բնակչի հողամասում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում