12/06/2024 23:40
«Պետք է գնաս և գնալու ես»․ Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց խաղաղ հեռանալ
Կառավարության շենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։ Բագրատ Սրբազանը, ով պայքարին միացած քաղաքացիների հետ այնտեղ է, հայտարարեց՝ իրենք շենք գրավելու մտադրություն չունեն, իշխանությունը պետք է խաղաղ կերպով հեռանա։
«Մենք մի նպաատակ ունենք՝ ստախոսին պատասխանատվության կանչելը և իր հրաժարականը։
Ժողովրդավարության մասին խոսող մարդն այսօր արդեն լուսաձայնային նռնակներ է կիրառում, նա ո՞նց կարող է լինել ժողովրդավար կամ այս երկրի ղեկավար։ Ժամանակին այս դռները (կառավարության շենքի-խմբ․) բաց էին 3 միլիոն վարչապետերի համար, հիմա ոստիկանական շարքերը հստակ տեսնում եք»,- ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց՝ Փաշինյանը պետք է հեռանա, այլընտրանք չկա, քանի որ երկրում տիրող վիճակն անհանդուրժելի է։
«Գիշեր լինի, թե ցերեկ, ինչքան էլ ուզում է իր ատլետիկ կազմվածքով հեծանիվ քշի, միևնույն է, նա այս երկրում տեղ չունի։ Այսօր դուք ձեր կամքը ցույց եք տվել, ժողովուրդ; Նրանք հույս ունեին, որ նռնակներ կնետեն, ու դուք կփախչեք, մենք կփախչենք։ Սխալվել են, շատ են սխալվել, որովհետև էս ժողովուրդն էլ տեղ չունի դիմանալու՝ իրենց (իշխանության-խմբ․)դեմքով այսքան նվաստացմանն ու ստորացմանը դիմանալու։ Տղա՞ ես՝ Իլհամ Ալիևին մի բան ասա։ Քո զինվորին, ոստիկանին, ժողովրդին ստորացնում է ամեն օր։ Բայց սեփական ժողովրդիդ վրա ես հոխորտում, նռնակ նետում։ Մարդու որդի, չես վախեցնելու, հիշիր։ Այլևս անհանդուրժելի է, էս վիճակը չի կարող շարունակվել։ Պետք է գնաս և գնալու ես։ Պարզապես մեր հորդորն է, որ խաղաղ գնաս»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Բագրատ Սրբազանը։